ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Նապոլեոնի և Հիտլերի ֆեյքերը՝ պատերազմի «խոզերը». ի՞նչ է սպասվում «TRIPP»-ին

Նապոլեոնի և Հիտլերի ֆեյքերը՝ պատերազմի «խոզերը». ի՞նչ է սպասվում «TRIPP»-ին
05.10.2026 | 11:56

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը իրար նման են։ Երկուսն էլ շատ ցածր վարկանիշ ունեն իրենց երկրներում։ Երկուսն էլ «կաղ բադիկ» են։ Երկուսն էլ իրենց կառավարման ձախողումներից սեփական ժողովուրդների ուշադրությունը շեղելու համար արտաքին թշնամու կերպար են հրամցնում։ Երկուսն էլ պատրաստ են, հանուն իրենց աթոռի, համաշխարհային աղետի պատճառ դառնալ։

Մակրոնն ու Մերցը գլոբալ պատերազմի կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ են («արուսները»՝ Ուրսուլան և Կայա Կալասը, հետներն են)։ Նրանց հանգիստ չեն տալիս Նապոլեոնի և Հիտլերի դափնիները։

Նապոլեոնը 1800-ականների սկզբում ռազմական արշավ նախաձեռնեց դեպի Մոսկվա։ Ի վերջո պարտվեց․ ռուսները մտան Փարիզ։

Հիտլերը 1900-ականների կեսերին արշավեց դեպի Մոսկվա։ Տապալվեց։ ԽՍՀՄ զորքերը, որոնց մեջ կարևոր դերակատարում ունեին հայ զինվորականները, մտան Բեռլին։

Հիմա Մակրոնն ու Մերցը պլանավորում են 2030 թ․-ին ԵՄ-ի պատերազմն ընդդեմ Ռուսաստանի։ Մինչև այդ նրանք Մոսկվայի դեմ պրոքսի և հիբրիդային պատերազմ են վարում այլոց ձեռքերով։ Կրակագծում դեմ են տվել Ուկրաինային։ ԵՄ չինովնիկները և գլոբալիստները, հակառակ ԵՄ ժողովուրդների ցանկության, կռվում են ՌԴ-ի դեմ՝ այս պահին մինչև վերջին ուկրաինացին։

Մեզ այս պատմությունն անհանգստացնում է այնքանով, որ Մակրոնն ու Մերցը, մյուս գլոբալիստները Հայաստանին ևս, ինչպես Ուկրաինային, դիտարկում են որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Նրանք պատրաստ են մինչև վերջին հայաստանցին կռվել Մոսկվայի դեմ այնպես, ինչպես հանուն ռուսական զորքերի դուրսբերման նպաստեցին 120 հազար արցախցիների էթնիկ զտմանը, այսինքն՝ կռվեցին մինչև վերջին արցախցին։ Շահեցին Թուրքիան ու Ադրբեջանը, բայց դա ԵՄ չինովնիկներին չի անհանգստացնում։ Ճիշտ հակառակը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջխաղացումը մտնում է հակառուսական մեծ խաղի մեջ, և եթե հայերը այդ խաղի արդյունքում հայտնվելու են դրանց կերակրասեղանին, ապա դա չի հուզում գլոբալիստներին։

Գլոբալիստների՝ պատերազմի «խոզերի» արկածախնդրության պատճառով աշխարհն այժմ կանգնած է միջուկային պատերազմի նախաշեմին։

Վրաստանը դասեր քաղեց 2008-ի հայտնի իրադարձություններից և չդարձավ հակառուսական թնդանոթի միս։ Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը գնում են մանրադրամային տարբերակով։

Ուշագրավն այն է, որ Ալիևը Հարավային Կովկասում գլոբալիստների խաղի հակառուսական առաջնագծում կանգնեցրել է պաշտոնական Երևանին և այդ խաղին իր մասնակցության գին է նշանակել ամբողջ Հայաստանը (Արցախն արդեն ստացել է)։

Գլոբալիստներին Հայաստանը չի հետաքրքրում։ Այնպես չէ, որ նրանք ուզում են, որ Հայաստանը վերանա, բայց եթե այդպես ստացվի ու ձևավորվի «Արևմտյան Ադրբեջան», ապա չեն տխրի, ինչպես որ 2023-ի սեպտեմբերին չտխրեցին ու չնկատեցին, թե ինչպես է հայկական Արցախը դատարկվում հայերից։ Կարևորն իրենց համար ռուսներին վնասելն էր։ Մնացածի վրա՝ թքած։

Հանթինգթոնի տեսությունը քաղաքակրթությունների բախման հարցում չի գործում, քանզի երկրների ու ժողովուրդների բախումը կամ համագործակցությունը հիմնվում է ոչ թե արժեքների, այլ չոր ու ցինիկ շահերի վրա։ Ինչպես միշտ։ Իսկ Ֆուկույամայի տեսությունը կարող է գործել, բայց այլ տարբերակով, երբ պարզ կդառնա, որ պատմության ավարտը վերաբերում է շահերի բախման կիզակետում հայտնված երկրներին ու ժողովուրդներին։

Ստեղծված իրավիճակում մեզ համար լուծումներ դեռ կան։ Հայաստանը կարող է խուսափել կատաստրոֆայից, բայց ժամանակն անսպառ չէ։ Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որին տրվել է «TRIPP» գայթակղիչ անվանումը։

Ի դեպ, խորհրդարանական ընտրության համար «TRIPP»-ի թեման լուրջ քննություն է դառնալու։ Լղոզված տեսակետները չեն անցնելու։ Լղոզված քվեարկությունը՝ նույնպես։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

05.10.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ